"ԲԵՄ"-ի թիմը՝ գերմանական "Զիբըն Լինդըն" (Յոթ լորենի) անունով էկոգյուղում. 11-19 դեկտեմբերի, 2022 թ.


Ողջույն սիրելի հետևորդներ։ Կրկին, երկար ընդմիջումից հետո (որի սկիզբը դրվել էր Քովիդ-19-ի օրերին), ուզում ենք կիսվել վերջերս՝ 2022 թ. դեկտեմբերի 11-19-ը Գերմանիայի Սաքսոնիա մարզում գտնվող Զիբըն Լինդըն (թարգմանաբար՝ "Յոթ լորենի" https://siebenlinden.org/de/ ) կատարած մեր ճանաչողական այցի մասին, որին այս անգամ գնացել էինք 4 հոգով՝ ներառյալ փոքրիկ Արևիկը։ Քանի որ այս հանդիպման հիմնական նպատակը էկոգյուղերին / էկոհամայնքներին օժանդակելն էր կամավորական ծրագրեր սկսելու ու իրականացնելու հարցում (եվրոպական Erasmus Plus ծրագրի շրջանակներում), մեզ համար է՛լ ավելի ակտուալ էր, որպեսզի ներկա լինեն հենց էկոհամայնքի ապագա բնակիչները՝ Վահագնը և Հայարփին, Սիրանուշն ու հատկապես Արևիկը (ում 2 տարին լրացավ դեկտեմբերի 15-ին)։

Էկոհամայնք հիմնելու առաջին մտքերն ունեցել ենք շատ վաղուց, սակայն առաջին պրակտիկ քայլերն արեցինք 2022 թվականին, Լոռու մարզի Վահագնի գյուղում, որտեղ ունենք սեփական հող և 130-ամյա քարե տուն։ Մի քիչ նախապատմություն. առաջին քայլեր ասելով նկատի ունենք նախևառաջ ամենից առաջնային ենթակառուցվածքները նորոգելն ու պակասող հատվածները ստեղծելը, ապա նաև՝ գյուղաբնակների հետ շփումները, համատեղ արշավներն ու կամավորական ծրագրերի մասին նրանց իրազեկելը։

Ցավոք գյուղի երիտասարդների մասնակցությամբ մեր նախաձեռնած առաջին կամավորական ծրագիրը ձախողվեց Քովիդ-19-ի պատճառով, սակայն մենք հիմա վերսկսել ենք աշխատանքն այդ ուղղությամբ և հուսանք շուտով վերջապես կստանանք թե՛ կամավորներ ընդունելու, թե՛ ուղարկելու համար անհրաժեշտ "որակի ապրանքանիշը" (quality label, մանրամասների համար տեսեք այս հղումը https://youth.europa.eu/.../organisations/quality-label_en
(ահա մեր առաջին կամավորական ծրագրի մասին պաստառը Վահագնի գյուղի երիտասարդների համար. ցավոք այս ծրագիրը ձախողվեց Քովիդ-19-ի խատճառով։ Այն նույնպես Զիբըն Լինդըն էկոգյուղում պետք է տեղի ունենար։)
Վերադառնանք Գերմանիայի "Յոթ լորենի" էկոգյուղում մեր անցկացրած օրերին։ Ուրեմն այդ հանդիպումը (պաշտոնական օրերը՝ դեկտեմբերի 12-17-ը) դասընթաց էր, որին մասնակցում էր 11 երկրներից ժամանած 28 հոգի։ Պատկերացրեք՝ այդքան տարբեր մշակույթներ մի վայրում, և ի հավելումն՝ ինտենսիվ կրթական պրոցես, որի արդյունքում նպատակ կա ունենալ կոնկրետ պայմանավորվածություններ, ինչպես նաև՝ առաջիկայում արդեն համատեղ ծրագրեր։

Մեր օրվա ռիթմն էր՝ առավոտյան ժ. 8։00-9։00-ը նախաճաշ, ժ. 9։00-18։00-ն ինտենսիվ դասընթաց, ժ. 13։00-14։00-ը ճաշի մեծ ընդմիջում, և, 2 անգամ էլ, միջանկյալ կարճատև դադար։ Բարեբախտաբար թե՛ 3-անգամյա սնունդը, թե՛ անսպառ ու միշտ հասանելի բազմաթիվ տաք ու սառը ըմպելիքները այնպիսի որակի էին, որ ավելին ցանկանալու առիթ չեղավ։ Համայնքի կամավորների և աշխատողների համատեղ թիմը մեզ սպասարկում էր ինչպես համայնքաբնակների, շատ հյուրընկալ էր ու ջերմ։ Ցերեկները միշտ կար զբոսանքի ժամ, երբ մենք նախապես ընտրված կամ տեղում տրվող թեմաներով զրուցում էինք՝ ինքներս ընտրելով զրուցակիցներին։ Երեք զրուցակից, յուրաքանչյուրի հետ մոտ 15 րոպե զրույց՝ ահա ցերեկային զբոսանքների ֆորմատը։

Քանի որ գերմանական ձմռան՝ ցելսիուսով -0,5 աստիճանը մեզ թվում էր հայկական ձմռան -10 աստիճան, մենք ու այլ տաք երկրներից եկած մասնակիցներ վերադարձին որոշ ժամանակով գամվում էինք տաք ըմպելիքներին։) Ի դեմ բոլոր շինությունները շատ տաք էին և հարմարավետ։
Դասընթացի ընթացքում երկու անգամ ունեցանք գերմանական շոգեբաղնիքի երեկո, երբ ոչ միայն տեղում առաջացող աշխատանքային հոգնածությունից էինք լիարժեք ձերբազատվում, այլ նաև վերջին ամիսներին կուտակած հոգնածությունից։ Շոգեբաղնիքից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող լճակի սառույցի անցքն էլ օգնում էր, որպեսզի լիովին վայելենք գյուղական շոգեբաղնիքը ողջ փաթեթով՝ ընկղմվելով սառցաջրի մեջ։

Դասընթացի թե՛ տեսական, թե՛ պրակտիկ մասերն այնքան լավ էին կազմակերպված, որ մենք ուղղակի չէինք զգում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Գերմանական հարթավայրային անտառոտ ու ձնապատ բնապատկերներն էլ, առավոտյան ու երեկոյան՝ մշուշով պատված, իսկ ցերեկները՝ արևոտ, այս հանդիպումը դարձնում էին լրիվ հեքիաթային։ Քանի որ ծրագրի կազմակերպիչներից Ուլրիկեն (ով այդտեղ է ապրում արդեն 15 տարի), Աննիկան (ով այդտեղ է ապրում 5 տարի) և Լինան շատ ոգեշնչող, սրտաբաց մարդիկ էին և փորձառու դասվարներ, մենք հսկայական ինֆորմացիա ստացանք Erasmus Plus-ի ESC (European Solidarity Corps) ծրագրի մասին, փորձնական ծրագրեր սևագրեցինք, տարբեր խմբերով խմբային աշխատանք արեցինք ու, ոչ միայն բազմաթիվ նոր գործընկերներ, այլ նաև ընկերներ ձեռք բերեցինք, ում հետ հիմա շարունակում ենք կապի մեջ մնալ։

Մի քիչ ավելի մանրամասն՝ ծրագրի բովանդակության մասին. այս դասընթացի նպատակն էր՝ տեղեկատվություն, աջակցություն և ցանցային հնարավորություններ տրամադրել ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ), որոնք նպատակ ունեն երիտասարդ կամավորների ուղարկել այլ էկոհամայնքներ և հյուրընկալել իրենց համայնքներում: Քանի որ դասվարները շատ բաց էին բոլոր հնարավոր հարցերի համար, մենք հնարավորինս կիսվեցինք մեր
ակնկալիքներով, մտավախություններով և ցանկություններով, ստացանք նրանց արձագանքներն ու հետո սկսեցինք քննարկել արդեն ESC-ի բյուրոկրատական ասպեկտները, ինչպիսիք են ծրագրի տերմինաբանությունը, օնլայն պլատֆորմի կառուցվածքը, նախագծերի ստեղծումն ու բյուջեն: Յուրաքանչյուր ՀԿ հնարավորություն ուներ ներկայանալու և կիսվելու իր ներկայիս և ապագա ծրագրերով:
Մի փոքր էլ անդրադառնանք տեղի որոշ էկո-երթակառուցվածքների, որոնք հատկապես ուշագրավ էին։ Առաջին տեղում են կոմպոստային զուգարանները. դրանք գրեթե բոլոր էկոհամայնքներում արդեն վաղուց սովորական բան են դարձել, կենցաղի անբաժան մասն են ու, պետք է որ, այդքան չզարմացնեին, սակայն մենք երբևէ չէինք տեսել այդքան մաքուր, և, որ ամենից տարօրինակն էր, բացարձակապես անհոտ տարբերակներ։ Մեր հետաքրքրությունն այնքան մեծ էր նրանց տեխնոլոգիական նորամուծությունների հանդեպ, որ կոմպոստային զուգարաններով առանձին շրջայց հայցեցինք, ինչին նրանք դրական արձագանքեցին (այս շրջայցի տեսանյութը շուտով նույնպես կներբեռնենք)։ Շրջայցի մասին կպատմենք առանձին հրապարակմամբ։

Մյուս էկոտեխնոլոգիաներից էին՝ արևային մարտկոցները, բեռնատար և ընտանեկան հեծանիվները (տանդեմ), մարդու բեռնասայլերը, աղբի տեսակավորման ամաններն ամենուրեք, պերմակուլտուրայի պարտեզները, մոնոկուլտարաներով արհեստական անտառի բազմակուլտուրայացման նախաձեռնությունը, էլեկտրոմոբիլների ու առհասարակ բոլոր փոխադրամիջոցների հասանելիությունը բոլորին, էլեկտրոբեռնատար ամենագնացները, սննդի , սանհանգույցի և մյուս բոլոր թափոնների կոմպոստացումը, էլեկտրոմագնիսական սմոգից խուսափելը՝ առհասարակ վայ-ֆայ ինտերնետն արգելելով, ծղոտե և կավե տների բազմաթիվ տարբերակները (ի դեպ՝ Գերմանիայի առաջին օրինականացված ծղոտե տունը նույնպես այս գյուղում է գտնվում. այն կառուցվել է 90-ականներին՝ առանց որևէ հավելյալ սարքերի ու էլեկտրականության օգտագործման և արժեցել է մոտ 10000 եվրո, մինչդեռ հենց դրա կողքին այժմ կառուցվող եռահարկ տունն արդեն իսկ 900000 եվրո է նստել ու դեռ անավարտ է)։

Եվ ամենակարևոր նորույթներից մեկը, որ տեսանք՝ անտառային մանկապարտեզն էր, որտեղ մանուկները տարվա բոլոր եղանակներին սովորում են հնարավորինս շատ հմտություններ, սովորում են շփվել բնության տարերքների հետ, ինքնուրույն լինել, որոշումներ կայացնել և բազմաթիվ այլ կարևոր բաներ։ Մենք նաև հնարավորություն ունեցանք հանդիպելու տեղի միջազգային և տեղական կամավորների հետ, հարցեր ուղղել նրանց ու լսել նրանց պատմությունները։
Այս միջազգային հանդիպումն այնքան ջերմ մթնոլորտում անցավ ու այնքան ուսանելի էր, որ բոլոր մասնակիցները հեռացան բազմաթիվ դրական հույզերով, խորը երախտագիտության ու գնահատանքի զգացումներով, ինչպես նաև՝ երբևէ նորից վերադառնալու անթաքույց ցանկությամբ։

Մենք կշարունակենք կիսվել մեր նորություններով և, հուսով ենք, շուտով մեր էկոհամայնքի գաղափարը ևս մի քանի քայլով կմոտենա իրականությանը՝ Լոռվա Վահագնի գյուղում։
Հարգանքով՝ Վահագն, Հայարփի, մեր դստրիկ և էկոհամայնքի ամենափոքրիկ գաղափարակից՝ Արևիկ, և Սիրանուշ (նաև լուսանկարների մեծ մասի հեղինակ)։


About BEM

(This website is under construction now and needs updates)

BEM brings together young people, NGOs and anyone in­terested in independent media, civil society, human rights, activism, art and culture, subcultures, photography, films, environment, alternative lifestyles, and international exchange projects such as EVS.



Preparing Photo Exhibition The centre seeks to provide the information, the means and the tools necessary for the transition into a civic responsible lifestyle. Through support in the activities and creativity of the youth, BEM hopes to generate the mechanisms of democracy in the new generations.

BEM also provides space for independent media. BEM endeavours to empower people to become the media by presenting their own independent reports; to enable people to realize they can take control of other aspects of their lives that they previously left up to “experts” or “professionals”. 


To make truly objective reporting, we create a place where many can report on events as they see it, and engage in discussions on any published articles in order to tell all sides of a story. All these are essential aspects of democratizing Armenian society, where media is semi-independent.

The start-up phase of BEM has been funded by ICCO, during the period of September 2004 until June 2005.